Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«ՃԳՆԱԺԱՄԸ ՎԵՐՋ Է ԴՐԵԼ ՏԱՐԻՆԵՐ ՏևԱԾ, ՍԱԿԱՅՆ ԱՆԿԱՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻՆ»

«ՃԳՆԱԺԱՄԸ ՎԵՐՋ Է ԴՐԵԼ ՏԱՐԻՆԵՐ ՏևԱԾ, ՍԱԿԱՅՆ ԱՆԿԱՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻՆ»
21.12.2010 | 00:00

Աստծո անցած յոթ օրում Հայաստան աշխարհում ևս եղան գործեր, որ արժանի են հիշատակության:
167 պետությունների մեջ Հայաստանը ժողովրդավարության մակարդակով 109-րդն է` ըստ լոնդոնյան «Economist»-ի հետազոտության: Աշխարհում ժողովրդավարության մակարդակի ուսումնասիրությունները հրապարակվում են երկու տարին մեկ անգամ: 2008 թ. Հայաստանը 113-րդն էր: Զեկույցը արձանագրում է, որ Հայաստանում չափազանց ցածր է քաղաքական մշակույթի մակարդակը, կառավարման համակարգի արդյունավետությունը: Միջինից ցածր է ընտրական համակարգի վիճակը: Հայաստանը դասվել է հիբրիդային վարչակարգերի թվին, որտեղ «ընտրությունները, որպես կանոն, զգալի թերություններ են ունենում, ինչն անհնար է դարձնում ազատ և արդար որակումը: Տարածված երևույթ է կառավարության կողմից ընդդիմադիր կուսակցությունների և թեկնածուների դեմ ճնշումների կիրառումը: Կոռուպցիան հիբրիդային ռեժիմներում լայն տարածում ունի, իսկ օրենքի իշխանությունը շատ թույլ է: Նման ռեժիմներին բնորոշ են լրագրողների նկատմամբ հալածանքները, անկախ չէ դատական համակարգը»:
Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի 2010-ի տնտեսական իրավիճակն ամփոփող զեկույց է ներկայացրել, ըստ որի` «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը վերջ է դրել Հայաստանի տարիներ տևած, սակայն անկայուն տնտեսական աճին: Արտահանումների, մասնավոր տրանսֆերտների և օտարերկրյա ուղղակի ներդրումների կտրուկ կրճատումը, արտարժութային քաղաքականության տատանումները, փոխարժեքի արժեզրկումը Հայաստանում հանգեցրել են ոչ միայն տնտեսական, այլև վստահության ճգնաժամի և արտադրության զգալի անկման: Իշխանությունների վարած ուժեղ քաղաքականությունը և միջազգային հանրության, այդ թվում` ԱՄՀ-ի աջակցությունն օգնել են մեղմելու ճգնաժամի ազդեցությունը և վերականգնելու վստահությունը, թեև զգալիորեն աճել է պետական պարտքը»:
WikiLeaks-ի հերթական տեղեկատվությամբ` ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Ասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը Ստոկհոլմում եվրոպացի բարձրաստիճան դիվանագետների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ղարաբաղյան խնդրի լուծումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանալին է: Ստոկհոլմում ԱՄՆ-ի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Լորա Քրկքոնելը 2009-ի ամռանը կայացած հանդիպման հաշվետվության մեջ արձանագրել է Գորդոնի անդրադարձը Հարավային Կովկասի իրավիճակին. «Կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը կնպաստի նաև էներգակիրների մատակարարման տարածաշրջանային ծրագրերի իրագործմանը»: ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալն ասել է. «Ռուսները բավարար արդյունավետ են աշխատում, սակայն մինչ այս պահը հստակ չէ` նրանց այդ քայլը ձևականությո՞ւն է, թե՞ նրանք իրոք լծվել են հարցի լուծմանը»,- և հավելել, որ Ղարաբաղի խնդրի լուծումը կնպաստի գազի արտահանման Հարավային միջանցքի ձևավորմանը: ԵՄ խորհրդի քարտուղարության ներկայացուցիչ, բրիտանացի դիվանագետ Ռոբերտ Քուպելը Գորդոնին առարկել է` «Եթե ռուսները ցանկանային կարգավորել խնդիրը, արդեն իսկ լուծած կլինեին»:
Հեռուստահաճախականությունների մրցույթում «Ա1+»-ը, եթերազրկումից հետո հաստատված ավանդույթով, մրցույթում պարտվեց` հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 8 անդամներից 7-ը 0 գնահատեցին հեռուստաընկերության փաթեթը` մեղադրելով կեղծ տվյալներ ներկայացնելու մեջ: 2011-ի հունվարի 20-ից հեռուստաեթերից զրկվեց նաև ԱԼՄ-ն, ինչը վաղուց հայտնի էր բոլորին, բայց ոչ Տիգրան Կարապետյանին. «Ես հասկանում եմ, որ «Ա1+»-ը իշխանությունների համար վտանգ է ներկայացնում, «Ա1+»-ին եթեր տալը հավասար է հեղափոխության, նրանք դա հիանալի հասկանում են, բայց որ ինձ կզրկեն եթերից` լիակատար անակնկալ էր ինձ համար»: Նա մտադիր է հեռանկարում նվաճել ինտերնետը:
Երևանի ավագանին դեկտեմբերի 17-ին ընտրեց քաղաքապետ` 50 կողմ, 1 դեմ ձայներով անկուսակցական Կարեն Կարապետյանը դարձավ մայրաքաղաքի հերթական պետը: 34 ՀՀԿ-ականներ (Գագիկ Բեգլարյանը ներկա չէր) և 17 ԲՀԿ-ականներ կատարեցին իրենց ընտրությունը: Նորընտիր քաղաքապետը խոստացավ մունիցիպալ նոր մշակույթ ներմուծել, վարչական շրջանների ղեկավարների կադրային ջարդ չանել, բայց խաղի կանոններ մտցնել:
Դեկտեմբերի 17-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը վարչապետի որոշմամբ ազատվեց աշխատանքից: Պաշտոնանկության պատճառները գիտի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:
Արամ Տեր-Սահակյանը նշանակվեց Հայաստանի ռազմական ոստիկանության պետ` Վլադիմիր Գասպարյանի` պաշտպանության փոխնախարար նշանակվելուց հետո: Մինչև այս պաշտոնը Արամ Տեր-Սահակյանը եղել է ռազմական ոստիկանության պետ Լեռնային Ղարաբաղում:
Դեկտեմբերի 17-ին Հրայր Թովմասյանը նշանակվեց արդարադատության նախարար: Նույն օրը էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը և ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը կորցրին նախարարական պորտֆելները, և եթե էկոնոմիկայի նախարարի պորտֆելը գտավ Տիգրան Դավթյանը, ֆինանսների նախարարինը տրվեց Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանին, ապա Ներսես Երիցյանը, Վազգեն Խաչիկյանը, Գագիկ Բեգլարյանը գործազուրկ են:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1555

Մեկնաբանություններ